ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան կապ չունի Ղարաբաղի հարցի լուծման հետ, Ղարաբաղը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»

Թուրքիան կապ չունի Ղարաբաղի հարցի լուծման հետ, Ղարաբաղը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»
17.07.2009 | 00:00

«ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ, ՈՐՏԵՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԿԱԽՎՈՒՄ Է ՕԴՈՒՄ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՍՏԵՂԾՎԵՑ ԱԱԽ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՈՐԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ Է»
-Հայաստանում առաջին անգամ Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) սկսել է աշխատել նոր հիմունքներով։ Ի՞նչ խնդիրներ են ներառված ԱԱԽ իրավասության շրջանակներում:
-Անվտանգության խորհուրդներ, որպես կառույց, գործում են աշխարհի 50 երկրներում` ունենալով գրեթե համանման լիազորություններ: Իհարկե, տվյալ երկրի պետական կառուցվածքով, Սահմանադրությամբ պայմանավորված, կան որոշակի տարբերություններ: Անկախությունից հետո Հայաստանում Ազգային անվտանգության խորհուրդ եղել է, բայց ակտիվ չի գործել. գոյության ամբողջ ընթացքում երևի գումարվել է ԱԱԽ 3-4 նիստ, այս մեկ տարվա ընթացքում` 10 նիստ, և, ի տարբերություն այն ժամանակների, հանրությունն էլ իրազեկվել է քննարկված հարցերի ու ընդունված որոշումների մասին: ՀՀ ԱԱԽ-ը, ի տարբերություն մնացած երկրների և հատկապես ԱՊՀ Կովկասյան տարածաշրջանի ու եվրոպական երկրների, աշխատակազմ չի ունեցել: Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց ԱԱԽ աշխատակազմ, որի հիմնադիրը ՀՀ նախագահն է։ Այսինքն` ՀՀ նախագահը, համաձայն օրենքի, ունի երկու աշխատակազմ` մեկն ապահովում է ՀՀ նախագահի գործունեությունը, իսկ երկրորդը բովանդակային այլ գործառույթներ ունի:
-Ի՞նչ է նշանակում բովանդակային գործառույթներ:
-Մենք ունենք մի քանի ստորաբաժանումներ` ներքին անվտանգության, արտաքին անվտանգության, ռազմավարական վերլուծությունների և տեղեկատվական անվտանգության, ազգային անվտանգության իրականացման վարչություններ և ստորաբաժանումներ` իրենց որոշակի գործառույթներով ու խնդիրներով, որոնք սահմանված են ՀՀ օրենքներով և ՀՀ նախագահի հրամանագրերով: Մենք գերազանցապես զբաղվելու ենք համակարգման և վերահսկման գործառույթներով:
-Ի՞նչ է համակարգում ԱԱԽ-ը:
-ԱԱԽ-ում հարցերի քննարկման և մշակման ընթացքում հաշվի են առնվում ՀՀ բոլոր պետական մարմինների դիրքորոշումները, որոնք քննարկվում են ԱԱԽ-ում, ապա ընդունվում են որոշումներ: ԱԱԽ որոշումների հիմնական մասը գաղտնի որոշումներ են, զանգվածային լրատվամիջոցներին տեղեկացնում ենք քննարկված հարցերի մասին` առանց փակագծերը բացելու: Մենք քննարկել ենք ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները, ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման խնդիրները, Հայաստանի պաշտպանության բարեփոխումները` ելնելով երկրի պաշտպանունակության մեծացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունից, զորակոչի կազմակերպման խնդիրները, քննարկման արդյունքում եղել են նախագահի կարգադրությունները, ընդունվել են կառավարության որոշումներ: Այսինքն` ԱԱԽ-ը քննարկում է երկրի ներքին ու արտաքին անվտանգության հետ կապված բոլոր գլոբալ հարցերը և երկրի համար ռազմավարական նշանակության խնդիրները:
-Ի՞նչ է հետևում ԱԱԽ-ում այդ գլոբալ ու լոկալ խնդիրների քննարկումներին:
-Ընդունվում են որոշումներ, որոնց կատարմանը ևս հետևում է ԱԱԽ աշխատակազմը: Հետայսու երկրի համար ռազմավարական նշանակության բոլոր խնդիրները պետք է քննարկվեն ԱԱԽ-ում, մշակվի հայեցակարգը, որից հետո ուղարկվի կառավարություն` համապատասխան որոշում ընդունելու և իրականացնելու համար: ԱԱԽ-ը զբաղվելու է բազմաթիվ ոլորտների, այդ թվում նաև` իրավապահ մարմինների բովանդակային բարեփոխումներով, պետական-իրավական ոլորտներին առնչվող մարմինների գործունեության դիտարկումներով:
-Արտաքին հարաբերությունները ԱԱԽ-ին առնչվո՞ւմ են և ինչքանո՞վ:
-Արտաքին անվտանգության ոլորտում մենք ունենք հստակ լիազորություններ և համապատասխան ստորաբաժանումներ:
-Իսկ արտաքին գործերի նախարարությո՞ւնը, արդյո՞ք գործառնությունների կրկնություն չկա:
-Արտաքին գործերի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, այլ կառույցներ ԵՄ-ի հետ ունեն իրենց որոշակի հարաբերությունները, բայց կրկնություն լինել չի կարող, որովհետև յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր ծրագիրն ու աշխատանքի ուղղությունը, ԱԱԽ-ն համակարգում է այդ համագործակցությունը: ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց եվրոպական կառույցների հետ աշխատանքի միջգերատեսչական հանձնաժողով` իմ նախագահությամբ, որն արդյունավետ աշխատում է: Աշխատանքի ընթացքում նախարարը նախարարի աշխատանքին չի կարող հետևել կամ անհրաժեշտ հանձնարարականներ տալ, դա ԱԱԽ-ի գործառնությունն է, որովհետև ՀՀ-ում արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ նախագահն ունի դոմինանտ լիազորություններ: Մենք համակարգում ենք համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ՀԱՊԿ անդամ երկրների հետ. միայն այս աշխատանքը մոտ 20 ուղղություն է ներառում: ԱԱԽ-ը համակարգում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Մեր ստորաբաժանումներից մեկը զբաղվելու է ազգային անվտանգության ռազմավարության մշակմամբ և դրանց իրականացման հսկողությամբ։ Շուրջ 30 ուղղություններով մենք հայեցակարգեր չունենք` սկսած էներգետիկ անվտանգությունից մինչև տրանսպորտային կամ բնապահպանական:
-Ինչպե՞ս են մշակվելու հայեցակարգերը` միայն ԱԱԽ-ո՞ւմ, թե՞ ոլորտի մասնագետներ են հրավիրվելու, միջազգային փորձագետներ...
-ԱԱԽ կանոնադրության համաձայն` մենք միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու իրավունք ունենք, որտեղ ներառվում են բոլոր շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներ, անհրաժեշտության դեպքում` միջազգային փորձագետներ:
-Այդ ծավալի աշխատանքի համար ԱԱԽ-ն ունի՞ մասնագետներ:
-Այո՛, մեր աշխատակազմի ձևավորման հիմքում ընկած է մի քանի երկրների լավագույն փորձը: Ֆրանսիայի մոդելն է ուսումնասիրվել, Ռուսաստանի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների, և այդ փորձը զուգակցվել է մեր երկրի առջև ծառացած խնդիրների ու մեր լիազորությունների հետ: Այլ երկրներում այսօրինակ աշխատանք վաղուց արվում է: ԱԱԽ-ը երկրի բարձրաստիճան պաշտոնատար անձերից բաղկացած մի մարմին է, որն ընդունում է երկրի ռազմավարական զարգացմանը, ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող կարևորագույն որոշումներ, և աշխատակազմը երաշխավորում է դրանց կատարումը: Քանի որ Սերժ Սարգսյանը երկար տարիներ եղել է ԱԱԽ քարտուղարը համատեղության կարգով, լավագույնս պատկերացնում է աշխատանքի բովանդակությունը, տեղյակ է խնդիրներին ու հստակ պատկերացնում է դրանց լուծումները: ԱԱԽ ձևավորման ողջ ընթացակարգը նրա անվան հետ է առնչվում, պատահական չէ, որ վերջին մեկ տարում նա մի քանի ելույթ է ունեցել ԱԱԽ-ի դերի մասին:
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ»
-Հայ-թուրքական հարաբերությունները մեկնարկեցին ֆուտբոլային դիվանագիտությամբ, հետո դադար առան` Թուրքիայում հայտարարություններ եղան, Հայաստանում ևս: ՀՀ նախագահն ասում է, որ հարաբերությունների նորմալացման համար չպետք է լինեն նախապայմաններ, Թուրքիան ասում է` նախապայման չեմ դնում, բայց դնում է Լեռնային Ղարաբաղի հարցը, ու ստացվում է, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները հայտնվում են նույն հարթության վրա: Այս պարագայում, Ձեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
-Ես չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցը դարձել է հայ-թուրքական հարաբերությունների բաղկացուցիչ: Այլ խնդիր է, որ թուրքական կողմը մերթընդմերթ շահարկում է այն: ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է` մենք, որպես բանակցային կողմ, բացառում ենք նախապայմանները, իսկ Թուրքիան միշտ էլ եղել է ադրբեջանամետ` ելնելով «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքից... Ես կարծում եմ, որ ՀՀ նախագահի հրավերը Թուրքիայի նախագահին ճիշտ և խոհեմ քայլ էր: Ես չեմ կարող համաձայնել այն գնահատականների հետ, որ հնչեցնում են Վարդան Օսկանյանն ու մյուսները` համարելով, որ մենք պարտվել ենք: Մենք արել ենք շատ քաղաքակիրթ ժեստ` մեր երկրի նախագահը հրավիրել է, հարևան երկրի նախագահը հրավերն ընդունել ու եկել է, սկսվել են բնականոն շփումներ, որոնք ավելի լավ են, քան շփումների բացակայությունը: Մենք աշխարհին ցույց ենք տվել հարևանների հետ հաշտ ու համերաշխ ապրելու մեր ձգտումը, և դա բարձր է գնահատվել: Մնացածը Թուրքիայի խնդիրն է: Բանակցային գործընթացը շարունակվել է, և ընդունվել է համատեղ հայտարարություն, որ երկու երկրները հարաբերությունները նորմալացնելու կամք են ցուցաբերում:
Այսօր այս խնդրի հետ կապված երկու հիմնական մոտեցում է շրջանառվում. հարկավոր է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց, իսկապես, առանց որևէ նախապայմանի, և երկրորդ` Թուրքիան մեր դարավոր թշնամին է, և նրա հետ ոչ մի հարաբերություն մեր շահերից չի բխում: Այս ծայրահեղական դիրքորոշումը ես չեմ ընդունում: Բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են Հռոմի պապից կաթոլիկ լինել այս խնդիրներում, թող պատասխանեն մեկ հարցի` այսօր 60000 հայ ապրում և աշխատում է Թուրքիայում, երբ Երևան-Ստամբուլ օդային չվերթ է կատարվում, երբ Հայաստանի քաղաքացին բիզնես է անում ու հանգստանում է այդ երկրում, այդ մասին ինչո՞ւ չեն խոսում: Հայաստան-Թուրքիա հարաբերություններ օբյեկտիվորեն կան և` վաղուց: Այսօր Թուրքիայում կան ՀՀ քաղաքացիներ, և ես, որպես ԱԱԽ քարտուղար, խիստ մտահոգված եմ նրանց համար, որովհետև նրանց պաշտպանել մենք չենք կարող: Եթե Վրաստանում կամ Լիտվայում, կամ այլ երկրում, որտեղ դեսպանատուն ունենք, Աստված չանի, մի փորձանքի գան, դիվանագիտական ներկայացուցչության միջոցով նրանց կարող ենք օգնել, Թուրքիայի դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ընդունում ենք հարաբերությունների նորմալացում` առանց նախապայմանների: Մենք խոնարհվում ենք բոլոր երկրների առաջ, որ ճանաչել են ցեղասպանությունն ու շնորհակալ ենք նրանց, և այդ գործընթացը մենք շարունակելու ենք, բայց չի նշանակում, որ դա հարաբերությունների կայացման արգելք կարող է լինել, որովհետև, ի վերջո, մի օր երկու հարևան իրար ձեռք են սեղմելու: Ֆաշիստական Գերմանիան բնաջնջեց Եվրոպան, այսօր այդ երկրները միասին Եվրոպա են կառուցում, միլիոնավոր զոհեր են եղել, Վարշավան գետնին էր հավասարված, այսօր լեհն ու գերմանացին միացյալ Եվրոպա են կառուցում, որովհետև այդ ժողովուրդներն առաջ են նայում:
-Հայաստանի քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ են ենթադրում` դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացո՞ւմ:
-Այո՛, որից հետո կսկսեն քննարկվել մյուս հարցերը:
«ԵԹԵ ԼՂ-Ն ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՊԻՏԻ ԻՆՉ-ՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԵՆԱ, ԻՆՉՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ԿՈՐՑՆՈՒՄ»
-Երեք նախագահների հայտարարությունից հետո ԵԱՀԿ կայքում մադրիդյան սկզբունքները տեղակայվեցին, կարծես, ԼՂ հարցի քննարկման նոր փուլ է սկսվում, ի՞նչ է դա նշանակում: Մադրիդյան սկզբունքները Հայաստանին ի՞նչ են տալիս, ի՞նչ են տանում:
-Ինչ-որ անհանգստության ալիք են բարձրացրել քաղաքական որոշ ուժեր։ ՀՅԴ-ի պարագայում ընկալելի է` ելնելով իրենց ավանդական դիրքորոշումներից, սակայն ինձ համար անընդունելի են անհիմն քաղաքական շահարկումները: Նախ` մադրիդյան սկզբունքները վաղուց ոչ մեկին անհայտ չէին, բազմաթիվ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվել վերջին երկու տարում: Ղարաբաղի հարցով քիչ թե շատ հետաքրքրվող մեկի համար դրանք որևէ գաղտնիք չեն պարունակում: Երեք նախագահների հայտարարությունն ի՞նչ է ասում` շատ դրական մի բան, որի մասին նաև ժամանակին տարբեր քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են արել: Առաջինը, որ ԼՂ կարգավիճակը թիվ 1 խնդիրն է մնում, երկրորդը` ամրագրվում է այնպիսի իրավական մեխանիզմ, որը շանս կտա, որ Ղարաբաղը կամ անկախանա, կամ միանա Հայաստանին: Աշխարհում իրավական մեկ մեխանիզմ կա` հանրաքվեն, որի գաղափարը հայտարարության մեջ դրված է: Ամրագրված են անվտանգության երաշխիքները երեք հզոր երկրների կողմից: Երրորդը` ուղիղ կապ Ղարաբաղի ու Հայաստանի միջև: Եթե ինչ-որ մեկը սպասում էր լրիվ պրոհայկական հայտարարության, դա, նվազագույնը, անհնար է, ոչ էլ պրոադրբեջանական, որը նույնպես անհնար է: Բացի այդ` քաղաքական որոշում է ընդունվել` բոլոր կարևոր հարցերը դնել հանրաքվեի և իմանալ ժողովրդի կարծիքը:
-Բայց հայտարարության առաջին կետը վերաբերում է տարածքների վերադարձին, որից հետո մյուս կետերի բովանդակությունը կասկածի տակ է դրվում` ոչ միայն հաղթողի մեր իմիջի տեսակետից, բարոյահոգեբանական հարթության մեջ, այլև զուտ ռազմական, անվտանգության տեսակետից: Մենք վերստին հող ենք կորցնում:
-Խնդիրը պետք է նայել ամբողջության մեջ, ցանկացած որոշում հաշվի է առնելու ԼՂ այնպիսի սահմանների առկայություն, միջազգային այնպիսի երաշխիքների առկայություն, որոնք այդ ամենը նկատի ունեն: Նման հակամարտությունների դեպքում կամ պետք է փոխզիջման գնալ, կամ պետք է պատերազմել, իսկ փոխզիջումը պետք է նշանակի, որ եթե ԼՂ-ն դառնում է անկախ պետություն, պիտի ինչ-որ կորուստներ ունենա, ինչպես Ադրբեջանն է կորցնում... Մի տեսեք` ինչ բողոքի ալիք կա Ադրբեջանում:
-Բայց մենք այս պահին կորցնում ենք տարածքները, իսկ հանրաքվեն ստանում ենք ոչ այս պահին` չգիտեմ երբ, չգիտեմ ինչպես...
-Նախ` բանակցությունները դեռ շարունակվում են, որևէ փաստաթուղթ չկա, որտեղ ամրագրված է հիմա հանձնել տարածքները, 5 կամ 10 տարի հետո հանրաքվե անել: Հանրությանը ներկայացվել է տեսլականը, որի մասին գրեթե 3 տարի բոլորը խոսում են, որ ազատագրված տարածքները ԼՂՀ կարգավիճակի դիմաց կարող են հանձնվել: Եթե կլինի փաստաթուղթ, կդրվի հանրության դատին, ավելի մեծ քննարկման: Այսօր համանախագահները մադրիդյան սկզբունքները ներկայացրել են երկու երկրների հասարակություններին, և Ադրբեջանում մեծ աղմուկ է` կոչեր են հնչում, թե երբեք Ղարաբաղը չի կարող անկախ լինել: Սա էլ է խնդիր, որովհետև այսօր, ի վերջո, կորցնողը նախ և առաջ Ադրբեջանն է: Որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել, որտեղ տարածքները հանձնվում են, իսկ կարգավիճակի հարցը կախվում է օդում: Դա բացառվում է:
-Չե՞ք կարծում, որ ԼՂՀ-ն պետք է մասնակցի իր հարցի քննարկմանը:
-Իհարկե, լավ կլիներ, որ Ղարաբաղը դեյուրե բանակցությունների կողմ լիներ, բայց եթե վեճն ուներ երկու կողմ, չի կարող բանակցությունների սեղանի մի կողմում երկուսը լինեն, մյուս կողմում` մեկը: Հայաստանը բանակցում է տևական ժամանակ, և այնպես չէ, որ Ղարաբաղը դուրս է բանակցություններից, որովհետև համանախագահները պարբերաբար լինում են Ղարաբաղում, պարբերաբար հանդիպում են ԼՂՀ նախագահի հետ: Ի՞նչ ենք հասկանում դեյուրե Ղարաբաղը բանակցային կողմ լինի ասելով, Հայաստանը չի կարող ընդունել որոշում, որ դեմ լինի ԼՂՀ բնակչության կամքին: Դա բացառվում է, մենք մի ազգ ենք, մի երկիր, մի ժողովուրդ: Ես կարծում եմ, որ Ղարաբաղն այսօր իսկ բանակցային գործընթացի մեջ է, ես հասկանում եմ` ավելի լայն ներգրավվածության ցանկություն կա, բայց նաև հասկանում եմ, որ եթե այդ ավելի լայն ներգրավվածությունը լինի, Ադրբեջանն էլ կցանկանա ներգրավել, օրինակ, Թուրքիային: Եթե այսօր Հայաստանն ասում է` Թուրքիան կապ չունի Ղարաբաղի հարցի լուծման հետ, Ղարաբաղը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, դա մեր փաստարկն է:
-Հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ ԼՂ հարցով համաձայնագիր ստորագրվի, թեպետ նախարար Նալբանդյանն էլ ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են:
-Բանակցությունները, իրոք, շարունակվում են, մինչև բոլոր խրթին հարցերը չպարզաբանվեն, փաստաթղթի ստորագրման մասին խոսելը վաղ է: Կրկնում եմ` բացառվում է որևէ որոշում, որը ոտնահարի ԼՂՀ շահերը և հայ ժողովրդի հավաքական շահերը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ